Հասկանալի պատճառով Ռիոյում ավարտված ամառային օլիմպիական խաղերին անդրադառնում ենք հետահայացով: Խոստովանենք՝ այսպես և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է այնքանով, որ եղածի մասին ամեն կամ գրեթե ամեն ինչ հայտնի է, ու ընթերցողին կարելի է ներկայանալ համարյա Սողոմոն Իմաստունի կարգավիճակով, և դժվար է այնքանով, որ այդ նույն ընթերցողին հետաքրքրելու համար պիտի մի այնպիսի կերակուր հրամցնես, որի գոնե առանձին բաղադրիչներ նրա համուհոտային, զգայական ընկալիչների կողմից դեռևս ֆիքսված չեն:
Դեռևս օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ էինք գրել, որ առնվազն մեկ մեդալ, այն էլ ոսկե, ունենալու ենք, եթե արտառոց բան չպատահի: Փառք Աստծո, այդ արտառոցը չեղավ, ու Արթուր Ալեքսանյանը բոլոր հիմունքներով իրեն ու մեզ հասանելիքով տուն դարձավ: Հարկ է խոստովանել, որ գյումրեցի ըմբիշը պատասխանատվության ծայրագույն բեռան տակ էր (ըմբիշ Արմեն Նազարյանի քսան տարի առաջ նվաճած ոսկուց հետո մեզանում թանկարժեք մետաղից ձուլված մեդալի կատարյալ բացակայություն էր), և ուրախանալու հետ միայն ու միայն պիտի հպարտանալ, որ օլիմպիական հասունության քննությունը գերազանց է հանձնված: Ինչ խոսք, որ Արթուրը հայկական սպորտի ոսկե տղան է, ու նրա օրինակով նրան ծնած ու սնած երկրին պիտի մաղթել նրա մկանունքի ամրությունը, ցորյան արտերին՝ նրա վարսերի ոսկեհերությունը, երկնքին՝ նրա աչքերի զուլալ կապույտը: Հնարավոր է, որ ասածս մի քիչ պոետիկ ստացվեց, բայց դե ի՞նչ կարող ես անել, երբ մեր տղան համապատասխանում է դասական հայի բոլոր չափանիշներին, ազգային նախակիր գենի ժառանգորդն է:
Շատ բան կարելի է գրել այս փառահեղ երիտասարդի մասին, այդ թվում նաև նրա քաղաքացիական հասունության ու արիության (այո, այո, արիության), սակայն զուտ տեղ շահելու առումով մանրամասների մեջ թույլ տվեք չմտնել՝ դրանք վերապահելով հետոյին, որովհետև, մեկ է, այսպես թե այնպես, ի շարս նաև այլ բաների, հարկադրված ենք, Արթուրի մաշկի բաց գույնի հետ կապված, անդրադառնալու թե հոր ու անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի սրախոսություններին, թե Արթուրի առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո օդանավակայանից կնոջն արած ամուսնու լալահառաչ հեռախոսազանգին հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն ու նույնպես «զնակ կաչեստվայով» գյումրեցի Լևոն Ջուլֆալակյանի արձագանքին (օգտվելով առիթից՝ նրան նույնպես շնորհավորենք հավաքականի գերազանց մրցելույթի կապակցությամբ), թե Արթուրի մոր՝ տիկին Շողիկի անթաքույց հպարտության մանրամասներին, թե… Բայց, փակագծեր բացելով, ոնց որ թե շատ բացբերան եղանք:
Նույնպես ոսկե մեդալով վերադառնալու հարցում Արթուր Ալեքսանյանին հավասար ախպերություն կարող էր անել և Միհրան Հարությունյանը, սակայն մեր այս հրաշալի տղան դարձավ մրցավարական անարդարության զոհ: Մխիթարության համար չէ, որ ասում ենք, սակայն Միհրանի արծաթե մեդալը նույնքան ոսկե է, որքան ոսկե է արդար պայքարում շահված յուրաքանչյուր այդպիսի մեդալ: Իհարկե, սերբ ըմբիշի համար մարդկայնորեն կարելի է տխրել, որ Աստծո նախասահմանած ապրելիք օրերում մեր տղայից գողացված այդ ոսկե մեդալը նրա համար կրակե շապիկ է դառնալու, սակայն որ այդ անարդարության ուղղակի մասնակից յուրաքանչյուր ոք դառնորեն պատժվելու է, վայրկյան իսկ չենք կասկածում, որովհետև, հասկացանք, վեր, վե՜ր, բայց Աստծուց է՞լ վեր: Ինչ վերաբերում է Միհրանին, նա միայն մեզ համար չէ, որ չեմպիոն է: Փառք Աստծո, սպորտային ու լրագրողական աշխարհը հարկ եղածի պես անդրադարձել և յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով դեռ արձագանքելու է այդ ստորությանը: Այստեղ թերևս հիշենք, թե նրան (ու առհասարակ մնացածներին) ինչպես դիմավորեց երկիրը, ի՜նչ սիրուն ժեստ արեց հայոց առյուծ ախպերը՝ մեդալի ոսկե կրկնօրինակը կախելով ըմբիշի պարանոցից: Հարկ է նկատել, որ նման կարգի զորակցությունը (զորակցությունները) հուզական, բարոյահոգեբանական, ոգևորիչ մեծ լիցք են պարունակում ու, փառք Աստծո, որ գոնե այս մակարդակով կարողանում ենք հարեհաս լինել մեր տղաներին, օգնում չկոտրվելու: Սա, խոստովանենք, ոչ թե լավ է, այլ շատ լավ:
Մեր երկրորդ արծաթը, իսկ իրականում առաջին մեդալը բերեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Տասնիննամյա այս երիտասարդը բառացիորեն կռիվ տվեց ու հասավ իրենին՝ դառնալով լուրջ անակնկալի հեղինակ: Ասում եմ՝ անակնկալի, որովհետև ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե այդ մեդալը պլանավորվածներից էր: ՈՒրիշ բան, որ Սիմոն Մարտիրոսյանը բացառիկ հեռանկարային մարզիկներից է, մեր ծանրամարտի լուսե ապագան ու այդ հայտը ներկայացրել է դեռևս պատանեկան տարիներից՝ տիրանալով այդ տարիքային կարգում հնարավոր ամեն ինչին ու հաջողությունը գրեթե նույնությամբ կրկնել երիտասարդական մրցահարթակում: Մի խոսքով, ինչ երկարացնենք, հաջորդ օլիմպիականում նրա նվաճելիք ոսկե մեդալի բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, ու, տա Աստված, որ մեր տղան հեռու մնա ամեն կարգի վնասվածքներից:
Գոռ Մինասյանի արծաթե մեդալը նույնպես առանձնահատուկ կշռի է, ու թող ոչ մեկը չասի, որ եթե իրանցի մարզիկը հրում վարժությունում զրո չստանար, ապա… Նախ ասենք, որ եղածի ֆոնի վրա արդեն իսկ ապան (ուշադրություն դարձրեք՝ ապա-ն, ոչ թե ԱՊՊԱ-ն) իմաստազուրկ է դառնում, և հետո այդ ո՞վ է ասել, որ ամեն ինչի վատը միայն մեր մարզիկների հետ պիտի պատահի կամ հայի գլխին կոտրվի: Գոռը ֆանտաստիկ հնարավորություններով մարզիկ է, բացառիկ աշխատասեր է ու համառ, կամային որակներով լեցուն: Եթե պոկում վարժությունում նկատվող դինամիկան մեր տղան ապահովի նաև հրում ձևում, այնժամ կխոսենք խեցգետինների ձմեռելու վայրի մասին ու կասենք, թե հողագնդի ուժեղագույնը որ երկրի (թողեք մի փոքր տուրք տամ իմ հարազատ Գյումրուն ու ասեմ՝ քաղքի) ներկայացուցիչն է: Այնպես որ, կեցցես, Գոռ, սակայն պայմանով՝ քսաներկու տարեկանիդ արծաթի համար ուրախ ենք, սակայն քսանվեցումդ առաջինը չլինելդ չենք ների, որովհետև, ամոթ է, այդ ո՞ր մի գյումրեցին ոսկին եղած տեղը արծաթը կնախընտրի:
Ընդհանրապես կյանքն է այդպիսին. մի տեղ շահում ես, մի տեղ՝ կորցնում: Մեր կորցրածների մեջ է հարկավ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի հնարավոր արծաթե մեդալը: Սկզբունքորեն տաղանդավոր այս ծանրորդը պիտի բացեր մեր պատվիրակության մեդալային հաշվարկը, սակայն ցավալի վնասվածքը խառնեց բոլոր խաղաքարտերը: Մնում է հուսալ, որ տարիքի բերումով Անդրանիկի առջև առնվազն երկու օլիմպիադա էլ կա, ու ճակատագիրը դրանցում բարեհամբույր կլինի քսանմեկամյա դյուցազնի նկատմամբ (ընթերցողին տեղեկացնենք, որ նրա վիրահատությունը բարեհաջող է անցել, ու մարզիկն արագ կվերադառնա մարզումամրցակցային առօրյային):
Խորապես ափսոսալու շարքից է ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի մրցելույթը, որը կարող էր մեդալային լինել: Ես ավելի քան համոզված եմ, որ նրա պոռթկումը մենք դեռ տեսնելու ենք: Ռուբենը, ինչպես որ իր տասնյոթում շռնդալից մուտք է ունեցել ծանրամարտի աշխարհ, այսպիսի շռինդով էլ իր հետևից փակելու է այդ դուռը, որը, հուսանք, բավական ուշ է լինելու. չէ՞ որ նա ընդամենը քսանվեց տարեկան է, իսկ գերծանրքաշայինի համար սա տակավին երիտասարդական տարիք է: Ափսոսանքի շարքից են նաև ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի ելույթները, որտեղ մեդալի հավակնություններ նույնպես ունեինք:
Ինչևէ: Ամբողջության մեջ չանդրադառնանք մեր պատվիրակության մրցելույթներին, սակայն եթե առանձին մարզաձևերում մենք մեզ կարող ենք շռայլություն թույլ տալ ու մասնակցել դիտորդի կարգավիճակով (նկատի ունեմ մեզանում դրանց թույլ զարգացած լինելը), սակայն նույնը չի կարելի ասել այնպիսի մարզաձևերի մասին, որտեղ հզոր ավանդույթներ ունենք: Կարծում եմ՝ բոլորին էլ հասկանալի է, թե կոնկրետ ում նկատի ունեմ, պարզապես եկեք էս ազիզ օրով չմանրանանք: Միայն ավելացնենք, որ եթե հաջողացրել եք արդեն իսկ խաղալ ու բազմիցս խաղալ այդ մարզիկի ճակատագրի հետ, մի՛ շարունակեք նրան վարկաբեկել:
Ավարտենք:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ռիոյի ամառային երեսունմեկերորդ օլիմպիական խաղերը բացառիկ էին թե՛ ներկայացուցչական, թե՛ մեդալային առումներով: Քանի երկրի մեջ որերորդ տեղում հայտնվելը չենք հիշատակի, որովհետև հպարտությամբ արտաբերվող այդ թիվը, կներեք, գոնե իմ մեջ գավառականության զգացողություն է թողնում: Բավարարվենք այսպիսի ձևակերպումով՝ մասնակցել ենք ու՝ մեր քաշի գյորա (գյումրեցիները կշռի այսպիսի միավոր ունեն) վատ չենք մասնակցել: Մեդալներ ենք շահել այն մարզաձևերից, որոնցում ավանդույթի մակարդակի հասցրած հիմքեր ունենք, ու որոնք ուշադրության կենտրոնում են պահում իսկապես հզոր անհատներ: Մեկի թիկունքին նախանձախնդրորեն կանգնած է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, ըմբշամարտի սիրահար (կարծես՝ ժամանակին նաև պարապել է) Սամվել Կարապետյանը, մյուսի թիկունքում՝ կոտայքաբնակ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Որ այս երկու անհատականությունների կողքին պետության դերն իսպառ մոռացված չլինի, ասենք, որ հաջողության մեջ նրա մասնակի մասնակցությունն էլ կա:
«Մոռանալով», որ վերն արդեն իսկ ասել ենք՝ ավարտենք, մի բան էլ հավելենք ու իսկապես ավարտենք: Տարիներ առաջ բավական ծավալուն նյութ էի պատրաստել Բարսելոնի օլիմպիական խաղերի մասին ու, մի քիչ էլ գլուխ գովենք, ոնց որ վատ չէր ստացվել: Հարկավ հիշում եք՝ 1992-ին մենք արդեն անկախ երկիր էինք, սակայն օլիմպիադային առանձին թիմով ներկայանալու հնարավորություն չունեինք: Քաղաքական իրավիճակն էր այդպիսին: Ահա այդ օլիմպիադային մենք փառահեղ մասնակցեցինք ու նվաճեցինք… Թե ինչ նվաճեցինք, բնականաբար, չեմ ասի, որովհետև խմբագրությանն առաջարկելու եմ այդ նյութը՝ հաջորդ համարում տեսնելու ակնկալիքով: Համենայն դեպս, կարծում եմ, որ դա հրաշալի կամուրջ կլինի այն ու այս օրերի միջև, մանավանդ որ այդ կամրջումն իմացականի ու հուզականի կողքին դաստիարակչական լուրջ շեշտադրումներ ունի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Թերթի մարզական էջի բարձր տոնայնությունը պահպանելու նպատակով թերևս չարժեր այլ թեմա շոշափել, բայց քանի որ իր կարգավիճակով ֆուտբոլի ազգային ընտրանին առանձին համարում ունի, մտածեցինք՝ ճիշտ կլինի Չեխիայի ընտրանու հետ ունեցած ընկերականին անդրադառնալ, մանավանդ որ դրանից օրեր անց, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի չորսին, աշխարհի նախընտրականի շրջանակներում պաշտոնական հանդիպումն է Դանիայի ազգային ընտրանու հետ: Խաղի 3:0 հաշիվը եկեք չհիշատակենք, քանզի, չնայած մերոնց պարտությանը, այն հանդիպման ամենալուսավոր կետն է:
Ի՞նչ զգացողություններ թողեց հավաքականի խաղը: Որ կարճ կապելու լինենք, դրանք հետևյալներն են՝ դարպասապահ չունենք, պաշտպանություն չունենք, կիսապաշտպանություն չունենք, հարձակման գիծ չունենք, մտածված, փոխկապակցված գործողությունների վակուում ունենք: Նման պայմաններում խոսել թիմի տակտիկայի ու ստրատեգիայի մասին, բնականաբար ոչ թե լկտիություն, այլ սանձարձակ լկտիություն կլինի: Այս ամենի կողքին, սակայն, չմոռանանք նշել, որ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը երկու շատ հզոր քայլ կատարեց: Առաջինով ձեռքի տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին դաշտում երևալու հնարավորություն տվեց, իսկ երկրորդն այն է, որ մինչև վերջ տղամարդավարի, դեմքի խոհուն արտահայտությամբ ոտքի վրա անցկացրեց ողջ հանդիպումը: